Ամսագիր Հունիս 2013 Ողջույն՝ Օպերայի կտուրից

01 Հունիս 2013, 11:58
148 |

Ողջույն՝ Օպերայի կտուրից

Դերասան, սցենարիստ ու երգիչ Միքայել Պողոսյանը գիտի քաղաքի յուրաքանչյուր անկյունը, քարը, ճաքը: Նա վստահ է՝ էրևանցին իր սերը արարքներով արտահայտողն է: Իսկ սեփական սերը Երևանի հանդեպ Միքայելը արտահայտում է կինոյի, թատրոնի ու երգերի միջոցով, ինչպես նաև մայրաքաղաքի հետ զրուցելով:

Մարգարյանի անվան ծննդատանն եմ ծնվել գարնան վերջին օրը՝ մայիսի 31-ին: Մայրս պատմում էր, որ այդ օրը ամբողջ քաղաքում զանգեր էին ղողանջում` հավանաբար Վազգեն Ա-ի՝ կաթողիկոս հռչակվելու կապակցությամբ:

Մեծացել եմ Գնունի փողոցում` «կոշիկի տան» դիմացի բակում: Աչքիս առաջ մի պատկեր կա` բարձր առաստաղներ ու պատուհան, որի գոգին եմ նստած: Բայց թե ո՞ւր եմ նայում, ի՞նչ եմ տեսնում՝ չեմ հիշում:

Վեց տարեկան էի, երբ Աջափնյակ տեղափոխվեցինք: Հայրս` Մովսես Միխայլովիչը, պատերազմից հետո Հայաստանի սոցապ բաժնի պետ էր նշանակվել: Պետությունը նրան շքեղ բնակարան էր հատկացրել, որը նա զիջեց ընկերոջը: Այդպիսի մարդ էր:

Մանկապարտեզ ինձ քույրս էր տանում: Երբեմն տուն էի փախչում: Մինչ քույրս ինձ տեղ հասցնելուց հետո կվերադառնար, ես արդեն տանն էի: Մանկապարտեզի երեխաների մեջ շատ անունով տղա էի: Մի օր մեկը խաղալիքս վերցրեց, պլաստիլինը մտցրեցի նրա ականջի մեջ:

Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցում եմ սովորել: Առաջին դասարանում արդեն մենակատար էի` երգում էի 10-րդ դասարանցիների երգչախմբի հետ, զինվորական երգեր էինք կատարում: Հետո կիթառ սկսեցի նվագել: Հետագայում դարձա կոճակի գործարանի նվագախմբի մենակատար՝ երգիչ:

Չարաճճի, վատ սովորող ու հաճախ սիրահարվող տղա էի: 8-րդ դասարանում սիրածս աղջկա հետևից Ռիգա հասա:

14 տարեկան էի, երբ Երվանդ Քոչարի աշակերտը դարձա: Մանկուց նկարչությամբ ու քանդակագործությամբ էի զբաղվում: Մաեստրոն տեսավ աշխատանքներս ու վերցրեց ինձ իր մոտ: Այն վեց ամիսները, որ նրա կողքին էի, «Կիբեռնետիկայի մուսան» քանդակի վրա էր աշխատում: Այժմ այդ ստեղծագործությունս Մերգելյանի անվան ինստիտուտի բակում է՝ ոչ մի կերպ չենք կարողանում այդ քանդակը կենտրոն տեղափոխել:

Վարդան Աճեմյանը տվեց ինձ իր օրհնանքը: Մայրս տարավ ինձ նրա մոտ, որ տեսնի` «ինձնից մի բան կստացվի՞»: Վարդան Նիկիտիչն ինձ առաջադրանք տվեց, կատարեցի՝ մի լավ ծիծաղեց ու ասաց` «Շատ լավ ա, շատ»:

Դպրոցից հետո Գեղարվեստի ուսումնարանի խեցեգործական բաժին ընդունվեցի: Որոշ ժամանակ անց ճակատագիրս կտրուկ փոխվեց` թատերական ինստիտուտ ընդունվեցի` օպերետային բաժին: Թատերականում կերպարանափոխվեցի` սովորելու քաղց սկսվեց: Հենց այդ տարիներին կայացա:

Կամերային թատրոնի համահիմնադիրներից եմ: 1976 թվականից վեց տարի բեմ չեմ բարձրացել՝ թատրոնն էինք կառուցում:

Երևանը ինձ համար մի ամբողջական ձուլվածք է: Նոր զգեստ չեմ սիրում, նախընտրում եմ այն, որ ճանապարհ է անցել ինձ հետ: Ես Երևանի կոշիկն եմ, հագուստը, մաշվում եմ, մեծանում եմ, բայց ամեն տեղ կարող եք հագցնել ինձ, ծառերին, շենքերին: Իհարկե, այն շենքերին, որոնք պատմություն ունեն:

Երևանը ինձ համար ավանդույթներն են, չգրված օրենքները: Հենց դրա շնորհիվ է, որ Էրևանը` Էրևան է ու դեռ քաղաքի հոտ ունի: Բնականաբար, ձևավորվում է նոր Երևան, առաջ են գալիս նոր մտքեր, նոր գաղափարներ: Բայց ինձ համար դեռ չգրված օրենքներն են գործում:

Երբ դասում ես քեզ ավելի բարձր, քան քո հայրենիքն է, սկսում ես միայն թերությունները տեսնել ու ասում ես` ավելի լավն եմ, ավելիին եմ արժանի,  հեռանամ այստեղից: Բայց դրանից ավելի լավը չես դառնում: Որովհետև խնդիրները երկրի մեջ չեն, այլ քո մեջ: Սկսում ես ավելի բարեկեցիկ պայմաններում ապրել, բայց դու նույնն ես մնում: Համեղ ուտելիք ուտելը միշտ չէ, որ առողջարար է: Երբեմն սովը ավելի առողջարար է:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով